Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին. Մոսկվան «կհանձնի՞» Քոչարյանին

Loading...
Loading...

Ռուսական RBC-ն այսօր հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը։

Loading...

Այս հարցազրույցում ուշագրավ բացահայտումներ ու բովանդակային առումով նոր ասելիք չկա, սակայն հետաքրքիր է, որ ազդեցիկ լրատվամիջոցը դուրս է եկել, այսպես ասած, ռուսական թրենդից ու Հայաստանի վարչապետի հետ քննարկել է հարցեր, որոնք այնքան էլ պոպուլյար չեն ռուսաստանյան իշխանամերձ շրջանակներում:

Ռուսաստանը թերևս միակ երկրին է, որը Ռոբերտ Քոչարյանի գործը համարում է քաղաքական ճնշումների հետևանք և քաղաքական ու տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում երկրորդ նախագահին: Նույնիսկ ինչ-որ իմաստով կարելի է պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները խցանված են Ռոբերտ Քոչարյանի, նախկին համակարգի գործոնով: Համենայնդեպս, դրա վկայությունն են Ռուսաստանի ԱԳՆ՝ անցած աշնանը հրապարակած երկու ագրեսիվ հայտարարությունները, անգամ պետական ԶԼՄ-ների միակողմանի անդրադարձը Մարտ 1-ի գործին ու հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի տարբեր ներկայացուցիչների ապահով պատսպարան: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան անուղղակիորեն խրախուսում է Հայաստանի հասարակության կողմից մերժված վտարանդի հանցագործների կառավարության ձևավորմանը:

Ահա այս համատեքստում ուշագրավ է, որ RBC-ն Փաշինյանի հարցազրույցը թողարկում է Մարտի 1-ի գործով դատավարության մեկնարկի օրը: Հարցազրույցում վարչապետը պատմում է, որ Ռուսաստանում են այսօր գտնվում մարդիկ, ովքեր հետախուզման մեջ են հայաստանյան իրավապահ մարմինների կողմից Մարտի 1-ի գործով․ խոսքը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին հարցին պատասխանելիս Հայաստանի վարչապետը մասնավորապես ասել է․ «Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Միհրան Պողոսյանին:

Սա սենսացիոն ձերբակալություն էր, քանի որ հայկական սոցիալական ցանցերում տարածված է կարծիք, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցելու Նոր Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Ես հուսով եմ, որ դա սխալ կարծիք է»: «Մինչ այդ մենք ունենք երկու դեպք, երբ հայաստանցի նախկին պաշտոնյաները հետախուզման մեջ են և գտնվում են Ռուսաստանում: Դուք գիտեք, որ նրանք Ռուսաստանում են: Բոլորը գիտեն: Եվ Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցում մեզ հետ այդ հարցով։ Սա կապված է Մարտի 1-ի գործի հետ»,- հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը գրեթե բաց տեքստով ասում է, որ Մոսկվան խոչընդոտում է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը և տողատակում ակնկալում է, որ Մոսկվան «սենսացիոն» քայլ կկատարի նաև Մարտի 1-ի գործով:

Մոսկվան մտադի՞ր է արդյոք «հանձնել» Ռոբերտ Քոչարյանին: Ռուսական հեռուստաեթերը «բացվե՞լ» է հայկական հեղափոխության պատմության ու հեղափոխական օրակարգի համար, թե՞ հյուսիսից ընդամենը «թեժացվում» է Հայաստանի ներքաղաքական հակադրությունը՝ նրա քաղաքական համակարգի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցերին, մանավանդ որ Քոչարյանի ու մյուսների դատավարության մեկնարկը նշանավորվեց «քաղաքացիական բախումներով», որոնք ավելի շատ նման են սադրանքի՝ մեկնարկած իրավական գործընթացն ապալեգիտիմացնելու դավադիր մտադրությամբ:

https://www.1in.am/2559154.html