Որոշում ունեն. Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Loading...

Արցախի ներկա և նախկին նախագահներին դատարան ներկայանալու պահանջ, ինչպես հայտնի է, առաջադրել է դատավոր Դավիթ Գրիգորյանը` հղում կատարելով օրենքի պահանջի վրա, համաձայն որի` երաշխավորություն ներկայացնող անձինք պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երաշխավորությունը։ Հարցն ունի իրավական և բարոյական կողմ` բարոյական տեսանկյունից Արցախի երկու նախագահների անունից արված հայտարարությունը դատարանի համար կարող է բավարար հիմք ընդունվել, որովհետև Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը այն անձինք չեն, ում խոսքը կասկածի տեղիք է տալիս: Իրավական առումով` օրենքի առաջ բոլորը հավասար են:

Loading...

Մարտի 1-ի գործով դատարան են հրավիրվել և ցուցմունք տվել Հայաստանի նախկին բոլոր նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար միանգամյան բնական է, որ օրենքի պահանջից ելնելով` դատարան կարող են հրավիրվել նաև Արցախի նախագահները:

Իրավական և բարոյական տեսանկյունից խնդիրը շատ ավելի կբարդանա` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դատարան հրավիրվելուց հետո: Արցախի նախագահների միջնորդության վերահաստատումից հետո դատարանի համար չափազանց բարդ, կարելի է ասել` անհնար կլինի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Եթե դատավորը առաջարկում է Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատարան ներկայանալ, կնշանակի արդեն որոշում կա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, որովհետև հակառակը կնշանակի ստորացնել և արհամարհել Արցախի ներկա և նախկին առաջնորդներին:

Նրանց խնդրանք-միջնորդության անտեսումը վերաբերմունք է Արցախի իշխանության և ժողովրդի նկատմամբ: Այդ վերաբերմունքից, խոշոր հաշվով, կախված է լինելու ներքաղաքական մթնոլորտի ձևավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հավելյալ լարվածությունն ու հասարակության պառակտվածությունը, ինչի հստակ դրսևորումներն առկա են վերջին երկու օրերի դատական նիստերում, ամենևին ձեռնտու չեն Հայաստանի իշխանությանը, որովհետև իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանությունն է` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ուստի սա այն դեպքն է, երբ իրավական ողջամիտ քայլը դառնալու է առողջ քաղաքական միջավայրի հանրային երկխոսության և հաշտեցման երաշխիք:

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?p=134044&l=am

Loading...