Քոչարյանը ուրիշ ի՞նչ պետք է անի. ուզենա մեղքը 1915 թվի եղեռնի զոհերի վրա էլ կգցի. Հակոբ Հակոբյան (Լեդի)

Loading...
Loading...

– Պարոն Հակոբյան, ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Նախնական տպավորությունները ինչպիսի՞ն են այս պրոցեսի հետ կապված։

– Պրոցեսը նորմալ ընթանում է, ոչ մի արտառոց բան չկա։ Աստիճանաբար ամեն ինչ կընկնի հունի մեջ։ Իրենք դեռ փորձում են հոգեբանական ճնշումներ գործադրել՝ թե՛ դատարանում, թե՛ դատարանի շենքից դուրս, սակայն դա չի կարող երկար տևել։

Հոգեբանական ճնշումը չի կարող երկար տևել և արդյունք ունենալ։ Ամեն ինչ կընկնի իր տեղը, խնդիր չկա։

Loading...

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Արցախի երկու նախագահները ներկայացան դատարան և իրենց անձնական երաշխավորությունը տվեցին Քոչարյանի խափանման միջոցի համար։ Սա արտառոց չէ՞ր։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

– Արցախի երկու նախագահները ուրիշ տարբերակ չունեին, քան դատարան գալը, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ այս պրոցեսը ինչքան խորանա, այնքան կհասնի իրենց։ Իրենք տեղյակ են եղել, որ 2008 թվականին զորքերը Արցախից, սահմանից տեղափոխվել են Հայաստան։ Իրենք ամեն ինչից տեղյակ են եղել, տվել են իրենց համաձայնությունը։ Իրենց գեներալիտետը այդ օրերին տեղյակ է եղել ամեն ինչից, մասնակից է եղել այդ գործողություններին։ Եվ որպեսզի վաղը-մյուս օրը այդ ամենը իմանալուց հետո Արցախի ժողովուրդը չելնի ու իրենց խռիկ չտա այդտեղից, իրենք քայլեր են ձեռնարկում, որոնցից մեկն էլ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնելն էր։ Թե չէ ես այս պրոցեսում ուրիշ ոչինչ չեմ տեսնում։ Իրենք իրենց են եկել պաշտպանելու, ոչ թե Քոչարյանին։ Բոլորս էլ գիտենք, որ իրենց, Վիտալի Բալասանյանի և մյուսների համաձայնությունը եղել է, որ զորքերը գան Երևան, իրենց հրամանատարությամբ են այդ զորքերը եկել այստեղ։ Դրա համար էլ իրենք այսկերպ փորձում են խանգարել, որ ամեն բան ջրի երես դուրս չգա։

– Բայց փաստ է, որ Քոչարյանին կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված ոչ միայն Մարտի 1-ի հետ կապված։ Կա նաև կաշառքի մեղադրանք։ Չե՞ք կարծում, որ Արցախի նախագահները, ներքաշվելով այս պրոցեսներում, ընդգծում են Հայաստանի ներկա իշխանությունների նկատմամբ ունեցած հակակրանքն ու հակասությունները։

– Գուցե իրենց հաշվարկը դա է, բայց առաջիկայում, եթե ամեն բան ջրի երես դուրս գա, պարզվի, որ իրենք ևս ներքաշված են այդ ամենում, ինքնըստինքյան այդ հակակրանքը կլինի ոչ թե Հայաստանի իշխանության նկատմամբ, այլ ամբողջ հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի ատելությունը կշրջվի հենց նրանց դեմ։ Դրա համար հիմա իրենք ինչքան ուժ ունեն, ինչքան հնարավորություն ունեն, փորձում են խանգարել գործընթացին, որպեսզի շատ բան չպարզվի, հանկարծ Քոչարյանը չմտածի, որ իրենք ձեռքները լվացել, քաշվել են մի կողմ։ Այդ երկուսը հիմա խառնվում են այս ամենին, որ հետագայում գոնե մի քիչ ծածկված մնան։ Իսկ եթե չխառնվեին, ապա ամբողջ հայ ժողովուրդն ավելի շուտ կիմանար իրենց ներգրավվածության, մասնակցության մասին։

– Իսկ որևէ վտանգ տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակում։ Ասում են, որ իրավիճակը հղի է լրջագույն վտանգներով։

– Ես ոչ մի հակասություն, վտանգ չեմ տեսնում։ Արցախի ժողովուրդը շատ լավ հասկանում է այս ամենը։ Ինչ որ մի քանիսը տարիներ շարունակ արել են հայ ժողովրդի նկատմամբ, նույնն էլ արել են մի քանիսը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս ամեն ինչը կընկնի իր տեղը։

– Այսինքն՝ այնպես չէ, որ Արցախի ժողովուրդը կիսում է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Վիտալի Բալասանյանի կարծիքը այս հարցը շուրջ։

– Իհարկե, անհնար է, որ Արցախի ժողովուրդը կիսի նրանց կարծիքը։ Դա մի քանի հոգու կարծիք է, իսկ նրանք այդ կարծիքին են, քանի որ նույնպես տարիներ շարունակ թալանել են Արցախը, Արցախի ժողովրդին։ Արցախը այս պրոցեսներում չկա, դա մի քանի անհատի կարծիք է։ Իսկ այդ մի քանի անհատը, եթե մտածեին Արցախի համար լավ լինելու մասին, ապա եթե իրենց թալանի գոնե 10 տոկոսն էլ դնեին Արցախի համար, ապա 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ոչ տարածքներ կկորցնեինք, ոչ այդքան կորուստներ կունենայինք։ Արցախի ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչու և ինչպես եղավ։ Իրենք նաև տեսնում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ է անում Արցախի համար։ Արցախի ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքին, քանի որ իրենք էլ են ուզում փոփոխություններ։

– Պարոն Հակոբյան, իսկ բուն դատավարությանը հետևո՞ւմ եք։ Երեկ Քոչարյանը մեկ ժամից ավելի ելույթ էր ունենում, ասում, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել, ամեն ինչ հերքում էր, անընդհատ հիշում էր հանգուցյալ Գորիկ Հակոբյանին։ Այս ամենը ինչպե՞ս եք գնահատում։

– Քոչարյանը ուրիշ ի՞նչ պետք է անի։ Բա պետք է կատարվածը, իր մեղքը գցի Գորիկ Հակոբյանի վրա, ուզենա, հլը 1915 թվի եղեռնի զոհերի վրա էլ կգցի։ Բայց ես մասնակից եմ եղել այդ ամենին, գիտեմ, տեսել եմ՝ ինչ է եղել, ինչպես է եղել։ Առանց նրա ոչ ոք անգամ մեկ քայլ չէր անում այդ օրերին։ Թե ում ինչ հանձնարարություն է տվել, ով է դա կատարել՝ արդեն ընթացքում կպարզվի։

– Դուք լիարժեք վստահո՞ւմ եք ներկա դատական համակարգին։ Կարծում եք՝ արդարադատություն կլինի՞։

– Այսօրվա դատական իշխանության հանդեպ որոշակի վերապահումներ ունեմ, բայց դեռ ամեն բան լավ է գնում։ Իրենք սրտանց ուզում են արդարադատություն իրականացնել, բայց ես մյուս կողմից լավ գիտեմ նաև Քոչարյաններին։ Իրենք տարիների ընթացքում ում ուզել՝ շարքից հանել են։

Տեսնենք՝ ինչ կստացվի։

https://www.1in.am/2562467.html