Բակո Սահակյանի օգնության կոչը. ինչ է կատարվում Արցախում

Loading...
Loading...

Այդպիսով, վարչապետը փաստացի հարց է բարձրացնում՝ ինչու՞, ի՞նչ նպատակով են այդ երկդիմի խաղը խաղում, եթե նպատակը «դավադիր»  չէ:

Արցախի արձագանքը բավական արագ էր: Նախագահ Բակո Սահակյանը Արցախպրեսին տված հարցազրույցում ասել էր, թե վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը իրենց է ներկայացրել բանակցային գործընթացի վերևաբերյալ Երեւանի տնօրինման տակ եղած տեղեկատվություն, իսկ Ստեփանակերտն էլ Փաշինյանին է փոխանցել իր տնօրինման տակ եղածը:

Loading...

Դա հետաքրքիր հայտարարություն է, որը առաջացնում է հարց՝ արցախյան գործընթացում եղել է տեղեկատվություն, որը կարող էր ունենալ Ստեփանակերտը, բայց չունենալ Երեւա՞նը եւ Նիկոլ Փաշինյանը չտիրապետե՞ր դրան:

Փաստացի, Բակո Սահակյանն իր պատասխանով հրապարակայնացնում է առանցքային հարց, որը կարող է շոշափել ազգային անվտանգության խնդիրներ: Ամբողջապես հասկանալի է, որ տեղեկատվական նյութի գուցե նույնիսկ մեծ մասը ենթակա է գաղտնիության: Դրանով հանդերձ, հարցերը պետք է բարձրաձայնել: Օրինակ, արդյոք այս տարիների ընթացքում Ստեփանակերտը վարել է Երեւանից «անկախ» գործընթաց, տնօրինել տեղեկատվություն, որը հասանելի չի եղել Երեւանին: Թե՞ խոսքը տեղեկատվության մասին է, որը հասանելի չի եղել հենց Սերժ Սարգսյանին: Բակո Սահակյանի հայտարարությունը, որ իրենք էլ Նիկոլ Փաշինյանին են որոշակի տեղեկատվություն փոխանցել, նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ժամանա՞կ էլ Ստեփանակերտը տնօրնել է տեղեկատվության, որը միայն ինքը կարող էր փոխանցել Սերժ Սարգսյանին: Կամ էլ կարող էր չփոխանցե՞լ:

Սրանք շատ հետաքրքիր հարցեր են, որ բացում է Բակո Սահակյանի պատասխանը: Եվ այդ հարցերին պատասխան կարող է փորձել գտնել օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը:

Մյուս կողմից, արդյոք Սերժ Սարգսյանն է հեռանալուց առաջ տեղեկատվական բազայի մի մասն «ի պահ» տվել Բակո Սահակյանին, այդպիսով ստեղծելով իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում որոշակի «կախվածություն» կունենար Արցախի իշխանությունից կամ Բակո Սահակյանից:

Իսկ հնարավո՞ր է, որ Երեւան-Ստեփանակերտ պաշտոնական հարաբերության դաշտում ներկայիս որոշակի հարցադրումները կապված են տեղեկատվական բազայի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը կասկած ունի, որ Բակո Սահակյանն ամբողջը չէ, որ փոխանցել է, իսկ Բակո Սահակյանն էլ իր պատասխանով հավաստիացնում է, որ ինչ եղել է ձեռքի տակ՝ տրամադրել է Նիկոլ Փաշինյանին:

Անդրադառնալով «դավադիր» վարքագծի մասին Հայաստանի վարչապետի խոսքերին, Արցախի նախագահը նշել է, թե Իմ քայլը խմբակցության հետ հանդիպմանն անդրադարձել էր այդ թեմային ու ասել, որ ապացույցներ ունենալու դեպքում նա պատասխանատվության կենթարկի հնարավոր «դավադիր» որեւէ պաշտոնյայի: Սա մի կողմից կարող է նշանակել ակնարկ այն մասին, որ Հայաստանի կառավարող ուժն իր քաղաքական նպատակների համար անապացույց, վերացական խաղարկում է «դավադրության» վարկածը, իսկ ինքը՝ Բակո Սահակյանը, չունի այդ խաղի մեջ ներգրավվելու որեւէ շահ, առավել եւս լինելով հեռացող նախագահ:

Մյուս կողմից, Բակո Սահակյանի պատասխանը կարող է դիտարկվել իբրեւ օգնության կոչ, որպեսզի Երեւանը օգնի ապացուցողական «բազայով» եւ «դավադրությանը» հակադարձելը չթողնի իր՝ հեռացող նախագահի վրա:

Իսկ այստեղ իրավիճակը իրապես հետաքրքիր է, դիտարկելով այն երեք առանցքային հարթության համատեքստում: Մեկը հենց Բակո Սահակյանի հեռացող նախագահ, կամ «կաղ բադիկ» լինելն է, մյուսը՝ Արցախում ընտրական փուլին ընդառաջ բավականին թեժ ու հակասական դրսեւորումներով գործընթացն ու դրանում ներգրավված դերակատարների յուրօրինակ շրջանակը, եւ մյուսը՝ այդ շրջանակում արտաքին շահերի արտացոլումը, որոնց թելերը տանում են Ռուսաստան, իսկ երբեմն Ռուսաստանից գալիս Արցախ:

Այդ համատեքստում Բակո Սահակյանը, խոսելով «ապացույցների» անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ նշելով, որ եթե կան կասկածներ, ապա պետք է նստել ու քննարկել, հնարավոր է Հայաստանի վարչապետին ակնարկում է հանդիպելու անհրաժեշտության եւ Արցախում իրավիճակը կառավարելու հարցում յուրօրինակ օգնության մասին, որովհետեւ պատասխանատվությունը դե ֆակտո ամբողջապես մնում է Բակո Սահակյանի վրա, այն դեպքում, երբ նա լինելով հեռացող նախագահ, այլեւս բավարար ներգործություն չունի Արցախում ազդեցություն ունեցող հիմնական խաղացողների վրա:

https://www.lragir.am/2019/06/06/449403/