Հակահարվածի նախապատրաստություն․ Ինչ է կատարվել

Loading...

Loading...

Lragir.am-ը գրում է․Կառավարությունը տեղեկություն է տարածել, որ մարտի 12-ին Արցախում տեղի կունենա անվտանգության խորհրդի նիստ, որին կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ նիստը եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նշանակում է, որ կա որեւէ հարցի կամ հարցերի հրատապ քննարկման անհրաժեշտություն: Նիստի եւ Հայաստանի վարչապետի Արցախ մեկնելու մասին տեղեկության հանդեպ հանրային ուշադրությունն առավել սեւեռուն է դարձնում այն, որ տեղեկությունը հաջորդում է մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի եւ արդեն բավականին քննարկված հայտարարությանը:
Հայտարարությունն էլ իր հերթին հաջորդել էր ուշագրավ մի շարք արտաքին քաղաքական զարգացումների, բավական լայն շրջանակով: Ընդհանրապես, 2019-ի մեկնարկային ամիսներն այդ առումով բավական հագեցած ու աշխույժ էին արտաքին քաղաքական օրակարգով, որը թե Արցախի հարցին էր առնչվում, թե ընդհանրապես վերաբերում էր Հայաստանին ու ռեգիոնալ խնդիրներին:
Համանախագահների հայտարարությունն անշուշտ պետք է դիտարկել այդ շղթայում ոչ թե վերջաբան կամ ամփոփում, այլ թերեւս հերթական օղակներից կամ հանգրվաններից մեկը, որին էլ փաստորեն հաջորդում է նորը՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Արցախում, Հայաստանի վարչապետի մասնակցությամբ:
Ի՞նչ է քննարկվելու՝ համանախագահների հայտարարությու՞նը, դրա հետ կապված որեւէ անելիք կամ ասելի՞ք, թե ամփոփվելու է որոշակի փուլ, հաջորդիվ զարգացումների պատրաստվելու համար:
Հայաստանն ու Արցախը պատրաստվելու են որեւէ հակահարվածի՞, քաղաքական, թե ռազմական, թե՞ այդուհանդերձ քննարկելու են այն սկսված գծի հետեւողական ու սթափ շարունակությունը, որ իրականացվում է թավշյա հեղափոխությունից հետո եւ միտված է բանակցային գործընթացի այն տրամաբանությունը փոխելուն, որը ձեւավորվել է նախորդ քառորդ դարում եւ որը գործնականում դիվանագիտական-քաղաքական ծուղակ, կապանք է հայկական պետականության համար:
Թե՞ Նիկոլ Փաշինյանը այս շրջափուլում կարիք է զգացել Արցախի ղեկավարության հետ խոսել ներքին իրողությունների մասին, երբ տեղեկատվա-քարոզչական շահարկումների եւ նենգափոխումների մասնակից են դառնում, կամ մասնակից են փորձում դարձնել նաեւ Արցախի իշխանության որոշակի շրջանակների:
Մասնավորապես, օրինակ, բառացիորեն ժամեր առաջ տեղեկատվական դաշտում հայտնվում է Արցախի ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղրյանի զրույցը, որտեղ խոսում է այն մասին, թե տպավորություն կա, որ Հայաստանն ուզում է «լվանալ ձեռքերն ու քաշվել մի կողմ, ինչը ճիշտ չէ»:
Այն, որ Արցախի ԱԺ պատգամավորը կարող է այդօրինակ «համարձակ» մեկնաբանություն անել Հայաստանի վարչապետի մոտեցումների վերաբերյալ, գործնականում աննախադեպ է, այլապես Արցախի պատգամավորները կես տոնով թեկուզ մանկան ձայն կարձակեին, երբ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունն էր տալիս Կազանի պլանին ու պատրաստվում ստորագրել, ինչը գործնականում Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի քաղաքական նախապատրաստության փուլն էր:
Այդուհանդերձ, մի բան է ազատ արտահայտվելու ներկայիս համարձակությունը, որը միայն կարող է լրացուցիչ ուժ եւ ճկունություն լինել Հայաստանի ու Արցախի համար, մեկ այլ բան տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների մասնակից դառնալը, երբ մասնավորապես վարչապետի օրինակ Իրան այցից, Հայաստանի ԱԱԾ նախագահի արցախ-իրանյան սահմանում արած հայտարարությունից հետո Արցախի որեւէ պատգամավոր կարող է իրեն թույլ տալ խոսել «Հայաստանի՝ ձեռքերը լվանալու եւ մի կողմ քաշվելու» փորձի տպավորության մասին:
Ընդ որում, ընդհանուր առմամբ բավական բարդ է ասել՝ անվտանգության տեսանկյունից ավելի հրատապություն է պարունակում որեւէ արտաքի՞ն հարց, թե՞ արտաքին իրադրության՝ ընդ որում հայկական կողմի համար հնարավորություն ստեղծող իրադրության առնչությամբ ներքին քարոզչա-քաղաքական նենգափոխումների հարցը:
Հայաստանի վարչապետն ըստ երեւույթին այդ հարցը դնելու է ուղիղ, հաշվի առնելով այն, որ տեղի է ունենում ուղղակի տարօրինակ, որեւէ տրամաբանության չենթարկվող մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունն արտաքին ուղղությամբ բարձրացնում է Հայաստանի ու Արցախի համար շահեկան հիմնարար նշանակություն ունեցող հարցեր, ինչը սակայն Հայաստանի ներքին տեղեկատվա-քարոզչական դաշտի գերակշռող մասում արժանանում է ոչ թե քաղաքական աջակցության, այլ նենգափոխումների:
Երեւույթ, որին համարժեք հակադարձումը կարծես թե հասունանում է եւ դառնում ազգային անվտանգության խնդիր:
Դրան զուգահեռ, իհարկե, հայկական պետականության համար առկա է մի հավերժական հարց, որն անշուշտ մշտապես պետք է լինի անվտանգային օրակարգում՝ դա Ադրբեջանի որեւէ ռազմական շանտաժի եւ սադրանքի կանխարգելմանը պատրաստ լինելու, կոշտ հակահարվածի պատրաստ լինելու հարցն է: Ադրբեջանի ռազմական շանտաժի դիվանագիտության կանխարգելումը եւ արգելափակումը Հայաստանի համար իրավիճակային է մի կողմից՝ երբ Բաքուն այժմ նկատելիորեն փորձում է ռազմական շանտաժի բաղադրիչն աշխուժացնել, եւ ռազմավարական է ընդհանրապես՝ չկա վտանգի մեծ կամ փոքր լինելու խնդիր, այստեղ կա պատրաստակամության մշտական, անընդհատ ավելացման խնդիր, եւ սա պահանջում է ոչ թե արտահերթ, այլ առօրյա ռեժիմ:
Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=49019&l=am
Loading...