Փաշինյանն Արցախում տվեց պատասխանը. ծուղակը քանդվում է

Արցախում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հավաք, անվտանգության խնդիրների քննարկում, սակայն առաջին անգամ է, որ հայտարարվում է Արցախում Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու մասին:

Այդ տեղեկությունը հաջորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությանը: Շատերն այն դիտարկում են պատասխան այդ հայտարարությանը, սակայն Փաշինյանի Արցախ այցն ու Ստեփանակերտում Հայաստանի ԱԽ արտահերթ նիստի անցկացումը Մինսկի խմբի հայտարարության ոչ թե պատասխան է, այլ լրացում կամ այսպես ասած բխող շարունակություն:

Loading...

Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք, հիշեցնենք, ունեն ռազմական լուծում բացառելու կոնսենսուս, հիշեցնում են կարգավորման գործընթաց կոչվող իրադրության բովանդակությունը, որ ձեւավորվել է նախորդ շրջափուլում, այսինքն նախորդ քառորդ դարում: Ռազմական լուծում թույլ չտալու, ասել է թե` ստատուս-քվոյի պահպանման եւ քաղաքական կառավարման նպատակի հարցում կոնսենսուսի առկայության մասին շաբաթներ առաջ Երեւանում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Ըստ այդմ, հարցը ձեւակերպվում է բավական հստակ՝ Հայաստանի նոր իշխանությունը կամ կատարում է քայլեր այդ տրամաբանությունը փոխելու՝ իրադրությունը մադրիդյան սկզբունքների ծուղակից դուրս բերելու քայլեր, այդպիսով ստեղծելով նոր միջավայր, ըստ այդմ խնդրի քաղաքական կառավարման նոր հեռանկարներ բացելով, կամ հայտնվում է նույն ծուղակում եւ դրանում փոխարինելով նախորդ իշխանությանը, ի վերջո ժամանակի ընթացքում կանգնում նույն փաստերի առաջ: Լեգիտիմությունն այդ դեպքում փրկօղակ չէ:

Loading...

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց գործնականում անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ ծուղակից դուրս գալուն եւ իրավիճակը փոխելուն: Արցախում անվտանգության խորհրդի նիստի անցկացումն ու այդ մասին հայտարարությունը հերթական քայլն է այդ տրամաբանության շրջանակում:

Գործնականում դա հնարավոր քայլ է նաեւ Արցախի հետ Հայաստանի ռազմա-քաղաքական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, որի մշակման մասին պաշտոնական Երեւանը հայտարարեց ապրիլյան քառօրյայի օրերին, սակայն դրանից հետո այն այդպես էլ չստորագրվեց:

Այդպիսով, Երեւանն ու Ստեփանակերտը ձեւակերպում են խաղաղության սեփական մոդելն ու տրամաբանությունը, որը կառուցված է հայկական պետականության շահի եւ անվտանգության առավելագույն պաշտպանվածության վրա, ի տարբերություն նախորդ մոդելի, որ Հայաստանի նախորդ վարչակարգերի համաձայնությամբ «բյուրեղացել» էր գործնականում  երկու տասնամյակ եւ կառուցված էր հայկական պետականության շահը հանձնելու վրա:

Պետական ու ազգային շահը հանձնելով դեռ որեւէ սուբյեկտ համաշխարհային քաղաքականության ծիրում չի ստացել խաղաղություն ու անվտանգություն, այլ հակառակը՝ ստացել է պատերազմ: Մենք դրանում ցավալիորեն համոզվեցինք ապրիլյան քառօրյայի ընթացքում:

Ադրբեջանը վերջին շաբաթներին փորձեց դարձյալ գործի դնել ռազմական շանտաժի քաղաքականությունը: Ստեփանակերտում Հայաստանի ԱԽ նիստը պատասխան է Ադրբեջանի այդ փորձին, ոչ թե Մինսկի խմբի հայտարարությանը: Մինսկի խումբը ձեւավորել է այդ պատասխանի կոնսենսուսային ֆոնը:

https://www.lragir.am/2019/03/11/424621/

Loading...