Գագիկ Ծառուկյանը բարձրանում է բարիկադի վրա







Իրավիճակը գնալով ծանրանում է, պետք է քայլեր կատարենք, պետք է պղնձաձուլարան բացվի, կաուչուկի գործարան, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով դարձյալ, որ տնտեսական հեղափոխության համար ներդրում է պետք՝ միայն խոսելով չի լինի:

ԲՀԿ նախագահի վարքագիծը մի առումով հասկանալի է եւ պարզ: Կուսակցությունը դիրքավորվում է իբրեւ ընդդիմություն եւ բնականորեն ձգտելու է ներառել հանրային այն շրջանակների սպասումները, որոնք համարում են, որ թավշյա հեղափոխությունը այդ սպասումները չի արդարացրել:



Մյուս կողմից տպավորություն է, որ հեղափոխությունը, կամ այս դեպքում արդեն գուցե իշխանությունը չի արդարացնում իր՝ Գագիկ Ծառուկյանի սպասումը: Գագիկ Ծառուկյանը պարբերաբար հայտարարում է այն մասին, որ տնտեսական հեղափոխության համար փող է պետք, ներդրում է պետք, չի լինի միայն խոսքով: Այլ կերպ ասած, Ծառուկյանը վարչապետ Փաշինյանին կարծես թե փորձում է պարբերաբար հիշեցնել, որ առանց իրեն չի լինի տնտեսական հեղափոխություն:

Իրավիճակն այդ առումով ուշագրավ է: Վարչապետ Փաշինյանն իր տնտեսական քաղաքականության հիմքում դնում է ներառականության սկզբունքը, որը ենթադրում է տնտեսական խաղի հնարավորինս շատ մասնակիցներ: Փաշինյանը հայտարարում է, որ տնտեսական հեղափոխությունը պայմանավորված է յուրաքանչյուրի ջանքով:



Այդ տրամաբանության հիմքում Հայաստանում իշխող նախկին համակարգի այսպես ասած տնտեսական բաղադրիչի ապամոնտաժումն է, սակայն սահուն եւ ոչ ապակառուցողական ձեւով, առանց սեփականության վերաբաշխման որեւէ տարբերակի: Հայաստանում տեղի է ունեցել իշխող նախկին համակարգի վարչական եւ քաղաքական ապամոնտաժում, սակայն համակարգի տնտեսական մասը շարունակում է իր գոյությունը: Այստեղ ապամոնտաժման քայլերի բացակայությունը թերեւս պայմանավորված է հանգամանքով, որ տնտեսական կայունությունը Հայաստանի համար հույժ կարեւոր է:

Միաժամանակ սակայն աներկբա է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության երկարաժամկետ, համակարգային, ինստիտուցիոնալ հեռահար էֆեկտի համար անհրաժեշտ է նաեւ տնտեսական գոյություն ունեցող համակարգի վերափոխում, սակայն ոչ թե ապամոնտաժման, այլ հենց «ներառականության» սկզբունքով տնտեսական ուժերի հարաբերակցության վերափոխման, այսպես ասած ապակենտրոնացման միջոցով:



Դա կնշանակի խոշոր սեփականատերերի քաղաքական ազդեցության չեզոքացում՝ տնտեսական կարողությունների պահպանմամբ: Այստեղ է նաեւ նախկին համակարգի եւ նոր իրավիճակի սկզբունքային տարբերությունը: Նախկինում քաղաքական ազդեցությունը չեզոքացվում էր տնտեսական հնարավորություններին ուղղված սպառնալիքով կամ ուղղակի ոտնձգությամբ: Նոր իրավիճակում ապահովվում է տնտեսական անձեռնմխելիությունը, խոշոր սեփականատերերի քաղաքական ազդեցությունը չեզոքացնելով եւ խոշոր բիզնեսի ու քաղաքականության անմիջական սերտաճումը կանխարգելելով տնտեսական ուժերի հարաբերակցության փոփոխության միջոցով:

Գագիկ Ծառուկյանին գործնականում անհանգստացնում է այդ միտումը, բերելով վարչապետին ուղղված ակնարկների, որ իրեն քաղաքական խաղից դուրս բերել չի ստացվի եւ հարկ կլինի պայմանավորվել, այլապես չի ստացվի տնտեսական հեղափոխությունը եւ չի լրացվի ներդրումների կենսական անհրաժեշտությունը:

Ծառուկյանն իրավացի է տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության առումով, մյուս կողմից սակայն ԲՀԿ նախագահը կամա թե ակամա իր ձեռքն է վերցնում նախկին համակարգի դրոշակը, առայժմ փորձելով բարձրանալ դրա տնտեսական «բարիկադի» վրա:

Սակայն դա ավելի շուտ կարող է հանրային-քաղաքական հարթությունում Ծառուկյանի համար բերել կորստի, քան նոր հնարավորության: Քաղաքականության մեջ նա իզուր է փնտրում հնարավորություն: Իրավիճակը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ ռեգիոնալ լայն իմաստով, նրա համար էական է դարձրել քաղաքականությունից ելք փնտրելը: Իսկ դա կարող է լինել տնտեսական հեղափոխության հաջողությունը եւ դրան Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն առանց քաղաքական նախապայմանի:

https://www.lragir.am/2019/03/13/425267/

ԴԻՏԵԼ