Վարչապետը հաստատեց. զինուժի հարվածը Վիեննայից առաջ

Loading...
Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությունը ներկայացնելու ելույթի ընթացքում հաստատեց, որ մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու է Ալիեւի հետ: Վիեննայի հանդիպումը տեղի է ունենալու Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը փաստացի առաջինն է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Մինչ այդ Փաշինյան-Ալիեւ մի քանի հանդիպումներն ու շփումները եղել են այսպես ասած ոչ պաշտոնական ձեւաչափում, օգտագործելով այլ միջոցառումների համատեղ մասնակցության հանգամանքը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ Վիեննայում էլ օրակարգ, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է մտքերի փոխանակություն տարբեր հարցերի շուրջ:

Loading...

Հատկանշական է, որ Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածեց տեղեկություն, որ հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ հայկական զինուժը կրակոցներով կասեցրել է չեզոք գոտում դիրքային առաջխաղացման Ադրբեջանի զինուժի փորձը:

Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ այդ տեղեկությունը ստանում է առանձնահատուկ երանգ, մասնավորապես նաեւ քաղաքական-դիվանագիտական դիրքային պայքարի համատեքստում: Ընդ որում, այստեղ հատկանշական է մի բան: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մինչ հանդիպման պայմանավորվածությունը հաստատելը նշել էր, որ դեռեւս որոշակի չէ՝ կլինի, թե ոչ: Այդ համատեքստում նա հայտարարեց, որ հայկական կողմը համաձայնությունը տվել է: Դա թերեւս նշանակում է, որ Ադրբեջանը չէր տալիս վերջնական համաձայնություն:

Մինսկի խմբի համանախագահները շաբաթներ առաջ հայտարարել էին, որ թե Փաշինյանը, թե Ալիեւը տվել էին նախնական համաձայնություն: Հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշանակալի այցն Իրան, այդ թվում Արցախի հարցի առնչությամբ հայտարարությունների եւ հաղորդագրությունների առումով: Դրան զուգահեռ եղավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն տարածքների վերաբնակեցման վերաբերյալ:

Դրան էլ հաջորդեց Մինսկի խմբի համանախագահների երկրորդ, ավելի ծավալուն հայտարարությունը, որը Երեւանում մի շարք շրջանակներ, հիմնականում նախկին իշխող համակարգի տարբեր թեւերի հարող, գնահատեցին Երեւանին արված նկատողություն: Գործնականում, Մինսկի խմբի համանախագահներն արձանագրեցին, թե ինչ իրավիճակում է գործընթացը, մի կողմից կոչ անելով կողմերին զերծ մնալ միանձնյա կամ ապակառուցողական քայլերից, մյուս կողմից տողատակում թերեւս արձանագրելով, որ վերջին հաշվով կողմերի միջեւ դիմակայությունն ու պայքարն է արտացոլվում քաղաքական իրավիճակի տեսքով:

Այն, ինչ արտացոլվել էր մինչ այդ, ինչը հիշեցրել էին համանախագահները, գերազանցապես արտահայտում էր Ադրբեջանի շահն ու ռազմավարությունը: Համանախագահների հայտարարությանը հաջորդեց Երեւանի եւ Ստեփանակերտի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն ու Հայաստանի վարչապետի ելույթը, որը հայտարարություն էր իրավիճակը էապես փոխելու մտադրության մասին:

Հնարավոր է, որ այդ համատեքստում Ադրբեջանը վերանայել է Փաշինյանի հետ հանդիպելու իր մտադրությունը, միաժամանակ կազմակերպելով խոշորամասշտաբ զորավարժություն: Սակայն Երեւանը ոչ միայն տեղի չտվեց, այլեւ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ռազմավարության իրավա-քաղաքական հիմքերը, որոնք այլ բան չէին, քան հղում ԵԱՀԿ փաստաթղթերին:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հանրությանն ասելիք ունենալու մասին, ինչին էլ հաջորդեց այն, որ Ադրբեջանի նախագահը շտապեց դուրս գալ փողոց եւ ցուցադրաբար լուսանկարվել իր հանրության հետ, կարծես թե փորձելով ասել՝ մի հավատացեք Փաշինյանին, հավատացեք ինձ: Իսկ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն ունի բանակցային առավելություն:

Այդ դեպքում տարօրինակ կստացվի, եթե առավելություն ունեցող կողմը չի գնում բանակցության: Մյուս կողմից, սակայն, Երեւանը արել է հրապարակային կարեւոր հայտարարություններ եւ վերհաստատում է դրանք, ներկայացնելով իրավական հիմք-փաստարկները:

Այդ պայմաններում հայտարարվում է մարտի 29-ին Վիեննայում հնարավոր հանդիպման մասին, որից առաջ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենում Հայաստանի եւ Արցախի զինուժի հրամկազմի հետ, իսկ դրան հաջորդում է տեղեկությունը, որ հայկական զինված ուժերը կրակով կասեցրել են Ադրբեջանի զինուժի ինժեներական-դիրքային առաջխաղացման փորձը, փաստացի Ալիեւին բերելով հայկական օրակարգով բանակցային սեղանի մոտ:

https://www.lragir.am/2019/03/27/429359/