Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Ծառուկյանին







Խորհրդարանում տեղի ունեցածը քաղաքական սադրանք էր Իմ քայլը խմբակցության դեմ, ապրիլի 9-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրանսգենդերային» աղմուկի կապակցությամբ, որը ծավալվեց խորհրդարանում մարդու իրավունքի թեմայով լսումների հայտնի դրվագից հետո:

Մինչ այժմ ընթանում է փոխադարձ մեղադրանք ԲՀԿ եւ Իմ քայլը պատգամավորների միջեւ, թե ով է տրանսգենդեր անձին հրավիրել լսումների եւ տվել ելույթի հնարավորություն: Մարդու իրավունքի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ դա արել են Իմ քայլի պատգամավորները, իսկ Իմ քայլի պատգամավորները հայտարարում են, որ Զոհրաբյանն է ստորագրել այն ցուցակը, որում ներառված են հրավիրյալները, այդ թվում տրանսգենդեր անձը՝ որը ՀԿ նախագահ է:



Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավերը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը եւ ինքը պարզել է պետական պահպանության ծառայությունից, որ հենց այդ ստորագրված ցուցակով են մասնակիցներին թույլ տվել մտնել շենք: Այդպիսով, վարչապետ Փաշինյանն ակնարկում է, որ աղմկոտ միջադեպի պատասխանատվությունը Նաիրա Զոհրաբյանինն է, ըստ այդմ փաստորեն նաեւ ԲՀԿ-ինը: Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ ԲՀԿ-ն պետք է լրջորեն քննարկի, թե արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է մարդու իրավունքի հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Վարչապետի հայտարարությունը բավականին կոշտ պատասխան է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում նախօրեին արած հայտարարությունների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին եւ Արցախի հարցին:



Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Վիեննայի հանդիպումից հետո իրենց համար կան «մութ» հարցեր, քանի որ հայկական կողմը մի բան է ասում, ադրբեջանականն՝ այլ: Նա նշել էր, թե դրա համար վարչապետին հրավիրում են փակ քննարկման՝ պարզաբանումների համար:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն ակնարկում է, որ իր մոտ էլ կան ԲՀԿ գործունեության հետ կապված «մութ» հարցեր, ինչի համար էլ Փաշինյանն ակնարկում է «քաղաքական սադրանքի» մասին, միաժամանակ գուցե նաեւ այն համատեքստում, որ Արցախի հարցը ոչ թե Գագիկ Ծառուկյանին է հետաքրքրել, այլ ուրիշներին, որոնք սակայն գործում են նրա միջոցով:



Այդ համատեքտում էլ թերեւս մյուս պատասխանն է ԲՀԿ նախագահի մեկ այլ հայտարարության, քաղաքական թիմի առումով: Ծառուկյանը նախօրեին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից գոհ է, դժգոհ է նրա քաղաքական թիմից, որը պատրաստ չէ եւ խնդիրներ է առաջացնում աշխատող վարչապետի համար:

Փաշինյանը խոսելով այն մասին, թե ԲՀԿ-ն պետք է լրջորեն դիտարկի Նաիրա Զոհրաբյանի համապատասխանությունը ՄԻ հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Ծառուկյանին թերեւս ակնարկում է նրա թիմի, ու նաեւ այն մասին, որ այդ թիմը կարող է խնդիրներ առաջացնել Ծառուկյանի համար:

Ընդ որում, այստեղ թերեւս հետաքրքիր է 2018-ի հոկտեմբերի 2-ի միջադեպը, երբ Ծառուկյանի թիմը խորհրդարանում միացել էր ՀՀԿ աղմկոտ նախաձեռնությանը, որն ուներ վարչապետի հրաժարականի միջոցով արտահերթ ընտրության տարբերակը կասեցնելու նպատակ:

Իրականում իհարկե այդ նախաձեռնությունն ունեցավ հակառակ էֆեկտ՝ արագացնելով արտահերթ ընտրությունը, սակայն միաժամանակ ԲՀԿ համար արժեցավ ոչ միայն մի քանի պաշտոն, այդ թվում նախարարների եւ մարզպետների, այլ նաեւ թերեւս ավելի լուրջ խնդիր՝ «հակահեղափոխականության» բնութագիր, որից ձերբազատվելու համար Գագիկ Ծառուկյանը գործադրեց բավական մեծ ջանք: Ծառուկյանն այդ միջադեպի կապակցությամբ հայտարարել էր, որ ինքը Հայաստանում չէր, իսկ իրեն սխալ էին ներկայացրել նախաձեռնությունը, որին միացել էր ԲՀԿ-ն: Փաստացի, ԲՀԿ առաջնորդն այդ ժամանակ խոստովանել էր քաղաքական թիմի խնդիրը:

https://www.lragir.am/2019/04/09/433377/

ԴԻՏԵԼ