Կարապետյանների գործիքը նոր Հայաստանում

Loading...
Loading...

Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ-Արմենիան» հազարավոր ավելորդ հաստիքներով մարդկանց ընդունած լինի աշխատանքի, տարբեր քաղաքական նկատառումներով, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընկերության հայտարարությանը, որ գազի գինը չթանկացնելու համար քննարկում է աշխատակիցներին կրճատելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրությունը պետք է պատասխանի հարցին՝ պատրա՞ստ է վճարել այդ ավելորդ հաստիքների համար: Հարցադրումն իսկապես կարևոր է, որովհետև ակնառու է՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը մինչև 2013 թվականը անվանվում էր «Հայռուսգազարդ», գործնականում եղել է Հայաստանի իշխող նախկին համակարգի առանցքային կառույցներից մեկը: Խոսքն այն մասին չէ, որ ընկերությունը գազամատակարարման ոլորտի մենատերն էր:

Ընկերությունը Հայաստանում գործող համակարգի տրամաբանության շրջանակում գործնականում եղել է վերարտադրության կարևոր ռեսուրսներից մեկը, ինչը, օրինակ, դրսևորվել է նրանով, որ Հայաստանի նախագահի իշխանական թեկնածուները իրենց նախընտրական խոստումներում շատ հանգիստ կերպով ներառել են այս կամ այն շրջանի գազաֆիկացումը: Հետո «Գազպրոմ-Արմենիան» կամ «Հայռուսգազարդը« հպարտացել է, որ Հայաստանում գազաֆիկացման ռեկորդային բարձր մակարդակ կա՝ 99 տոկոս: Բայց միաժամանակ դժգոհել են սպառման անկումից և շահութաբերությունից, սակայն գազաֆիկացման ներդրումները ներառել են գնի մեջ:

Loading...

Փաստացի, իշխանության թեկնածուն նախընտրական խոստում է տվել, որը փաստացի սպասարկել է հայաստանցի սպառողը: Այսինքն՝ բավական չէ, որ ընտրության արդյունքներն են կեղծվել, դեռ ստացվել է այնպես, որ այդ մեխանիզմի համար սպառողը նաև վճարել է գազի գնի մեջ, ըստ էության: Նույն տրամաբանությամբ, համակարգաստեղծ հսկա ընկերությունը կազմել է հաստիքացուցակը՝ այն դարձնելով Հայաստանի իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ վարչական ռեսուրս, ինչպես պետական և կրթական հիմնարկների աշխատակիցների պարագայում:

Ընդ որում, այդ հանգամանքը բավականին ուշագրավ դրսևորում ստացավ արդեն վերջին փուլում, երբ իշխող համակարգում ակնհայտորեն բևեռացված պայքար էր 2018-ին իշխանությունը ժառանգելու համար, և այդ պայքարում բևեռներից մեկն էլ ռուսաստանահայ օլիգարխիան էր, որը զգալիորեն ներկայացված էր թե՛ «Գազպրոմ-Արմենիա», թե՛ «Հայաստանի էլցանցեր», այսպես ասած, ցանցային ընկերություններում, որոնք տարածվածություն ունեն ամբողջ Հայաստանում և պարզապես անփոխարինելի կառույցներ են այդ իմաստով:

Դրանք անկասկած լինելու էին վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գլխավոր ֆինանսատնտեսական հենարան Սամվել Կարապետյանի առանցքային հենման կետը 2018-ի վարչապետության համար պայքարում: Ավելին, անգամ այդ պայքարը ժամանակավորապես տանուլ տալու պայմաններում նրանք անկասկած ակնկալում էին ժամանակի ընթացքում փոխել ուժերի բալանսը կուսակցությունում, ըստ այդմ բերելով նաև արդեն իշխանության մեջ բալանսի փոփոխության և դրա արդյունքում հեռացնելով Սերժ Սարգսյանին:

Հենց դրա վառ վկայություն է այն, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցմանը զուգահեռ, միանգամից կուսակցությանն անդամակցեց մոտ տասը հազար մարդ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, հենց գազային ոլորտի և էլցանցերի աշխատակիցներ էին և նրանց ընտանիքի անդամներ: Ընդ որում, այդ հրապարակումները հիմնավորապես չհերքվեցին: Այդպիսով, ակնառու է, որ համակարգաստեղծ այդ ընկերությունը եղել է նախկին իշխող համակարգի քաղաքական գործիքներից մեկը, իհարկե ոչ միայն այդ նկատառումներով, սակայն մյուս ասպեկտներն իհարկե վերաբերում են արդեն Ռուսաստանի հետ հարաբերությանը: Ըստ այդմ, ներկայումս էլ կա հավանականություն, որ ընկերությունը ծառայում է նախկին համակարգի քաղաքական նպատակի, սակայն տվյալ պարագայում սոցիալական լարվածության ռիսկ պարունակող քայլերի մասին ակնարկելով, ըստ այդմ՝ Հայաստանի հանրության առաջ դարձյալ դնելով վճարելու խնդիր:

Ընդ որում, այս առումով, իհարկե, հարցն ավելի լայն ասպեկտ ունի՝ նկատի ունենալով այն, որ հայ-ռուսական ավելի բարձր քաղաքական հարաբերության մակարդակում կարծես թե տարանջատվել է գազի, այսպես ասած, սահմանային հարցերի և ներքին տիրույթի քննարկումների պատասխանատվությունը, և տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ստանձնել է հենց «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին կառավարման անարդյունավետությունը Մոսկվայում փաստարկելու խնդիր՝ սահմանային գնագոյացման հարցերում ամուր դիրքերի գալու համար:

Եվ այդ իմաստով էլ, աշխատատեղերի կրճատման մասին հայտարարությունը կարող է դիտարկվել որոշակիորեն հարված թիկունքից «սահմանում» բանակցող կառավարությանը, կամ գոնե դրա մի փորձ: Այս դեպքում, սակայն, շատ կարևոր է դառնում մեկ այլ հանգամանք՝ ի՞նչ է պարզել գազի ներքին շուկայում առկա վիճակի մասին աշխատանքային խումբը, որ ստեղծվել էր վարչապետի որոշմամբ:

Միաժամանակ, ինչ դեր է ունենալու այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի նախագահի թափուր պաշտոնի համար վարչապետ Փաշինյանն առաջադրել է Գարեգին Բաղրամյանին՝ էներգետիկայի նախկին նախարարին, որը մինչ այդ էլ աշխատել է ՀԾԿՀ-ում և որը, ինչպես հայտնի է, Հայաստանի ԱԱԾ պետի քենակալն է: Դա, իհարկե, ի միջի այլոց: Թեև շատ դժվար է վիճարկել այն, որ գազի խնդիրը արդեն տարիներ շարունակ Հայաստանում հասունացած է ազգային անվտանգության և ինքնիշխանության հարցի մակարդակի: